Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում, հայտնել է «Հերացի» կենտրոնը:
Ըստ վերլուծության՝ 2026թ. 7-րդ շաբաթվա ընթացքում ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը 78 է, ինչն ավելացել է 18%-ով` նախորդ շաբաթվա համեմատ: Ավելացել է մինչև 5 տարեկանների մասնաբաժինը` կազմելով ընդհանուր դեպքերի 55%-ը (43 դեպք)` նախորդ շաբաթվա 50%-ի փոխարեն։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Փետրվարի 20-ին գրիպի տարածաշրջանային ցուցանիշներն ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում շարունակում են նվազել սեզոնի սկզբում արձանագրված բարձր մակարդակից:
Ըստ զեկույցի՝ հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձինք են: Տարածաշրջանում A(H3) գրիպի վիրուսը շարունակվում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (77%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (23%):
Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազանցում է 10% համաճարակային շեմը` կազմելով 28%, նախորդ շաբաթվա 33%-ի փոխարեն:






































