«ՀայաՔվե» շարժումը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Հայկական քվե» կուսակցության ներքո, տեղեկացրել է շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշել է, որ կուսակցության համագումարում հաստատվել են կանոնադրությունը, քաղաքական ծրագիրը և ղեկավար մարմինները։ Չալաբյանը տեղեկացրել է, որ երեկ կայացել է միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը։
«Մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար»,- հայտնել է նա։
Չալաբյանը հիշեցրել է, որ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեությունը սկսել էր 2023 թվականի ապրիլին՝ նպատակ ունենալով պաշտպանել վիրավոր Արցախը և հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
«Թեև ստացանք քաղաքացիների լայն աջակցությունը, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը՝ փորձելով առհավետ փակել Արցախի էջը»,- գրել է նա։
Չալաբյանը նաև նշել է, որ հաջորդիվ, 2024 թվականի սեպտեմբերին, նախաձեռնությունը վերակազմավորվել էր որպես ազգային-քաղաքական միավորում՝ ստանձնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության հարցերով զբաղվելու պատասխանատվությունը։
2023 թվականի մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար քրեական պատիժներ նախատեսելու համար։ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Հայաքվեի» նախագծին։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլն:






































