Փետրվարի 13-ին և 14-ին Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, ասվում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնակիցները քննարկել են նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործումը և դրա տարածաշրջանային հետևանքները։
«Կարծիքներ են փոխանակվել երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաև այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարելի է ապահովել, որ խաղաղության գործընթացը քաղաքացիների համար ունենա շոշափելի արդյունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնակիցները հանդիպումներ են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ցամաքային սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ Ոսկեպար և Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքում՝ «անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»։ Ադրբեջանական պատվիրակությունը վերադարձել է նույն սահմանազատված հատվածով։
Սա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր 2025 թվականի հոկտեմբերին կայացած ադրբեջանական պատվիրակության այցից հետո։





































