Իսրայելը չորեքշաբթի օրը նոր հարվածներ է հասցրել Եմենին, որի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վնասվել են պատմական մի շարք կառույցներ, այդ թվում՝ ազգային թանգարանը, հաղորդում է Associated Press-ը:
Հութիների վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 130 մարդ։ Փրկարարական խմբերը շարունակում են մարդկանց որոնումները։
Ըստ նախարարության՝ մեծ թվով մարդ է զոհվել մայրաքաղաք Սանայում, որտեղ հարվածներ են հասցվել ռազմական շտաբին և վառելիքի լցակայանին։
Երկրի մշակույթի նախարարության տվյալներով՝ հարվածներ ստացած ազգային թանգարանի ներսում գտնվող հազարավոր պատմական նմուշներ վտանգի տակ են։
Իսրայելը նախկինում ևս մի քանի ալիքով հրթիռային և ավիահարվածներ է հասցրել՝ ի պատասխան հութիների կողմից Իսրայել ուղղված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի։






































