Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հունիսի 21-ին Շվեյցարիայում կանցկացնեն բանակցությունների երկու փուլ, IRNA-ին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Բաղայի խոսքով՝ Թեհրանը նոր բանակցությունների մեկնարկը պայմանավորում է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմամբ։ Նա հայտարարել է, որ Իրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ, քանի դեռ Լիբանանում հրադադար չի հաստատվել։
Գործակալության փոխանցմամբ՝ այսօր նախատեսված են Իրանի պատվիրակության երկկողմ հանդիպումները միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին կկայանա Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների քառակողմ հանդիպումը՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ իրանական կողմի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու համար, հայտնել է նրա օգնական Լյուկ Շրեդերը։ Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ կարող է առաջիկա օրերին մեկնել Շվեյցարիա՝ քննարկելու «ավելի գլոբալ թեմաներ»՝ նշելով, որ այցը կապված չէ տեխնիկական բանակցությունների հետ։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։

























