Հնդկաստանը ժամանակավորապես դադարեցրել է արբանյակային ինտերնետային ծառայության՝ Starlink-ի գործարկման հաստատման գործընթացը՝ ուժեղացնելով ստուգումներն ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Ըստ հաղորդման՝ դիմումի քննարկումը կանգ է առել Ներքին գործերի նախարարության մակարդակում, որը գնահատում է հնարավոր ռիսկերը երկրի անվտանգության համար։
Լրացուցիչ վերլուծության պատճառ է դարձել Starlink-ի ենթակառուցվածքի կիրառումն Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնում, որ գլոբալ արբանյակային ցանցը կարող է ապահովել կապ հակամարտությունների գոտիներում՝ առանց տեղական թույլտվությունների անհրաժեշտության, ինչը սահմանափակում է ազգային կարգավորողների վերահսկողությունը։
Starlink-ի համար Հնդկաստանի շուկան ունի ռազմավարական նշանակություն։ Չինաստանի շուկայի փաստացի անհասանելիությունից հետո Հնդկաստանը մնում է խոշոր աճի պոտենցիալ ունեցող հարթակ՝ իր մեծ բնակչության և որոշ շրջաններում հեռահաղորդակցական ենթակառուցվածքների պակասի պատճառով, գրում է աղբյուրը։
Ստեղծված իրավիճակը կարևոր է նաև մայր ընկերության՝ SpaceX-ի համար, քանի որ Starlink ծառայությունը շարունակում է մնալ նրա հիմնական եկամտի աղբյուրներից մեկը։ Հնդկական շուկա մուտքի ուշացումը կարող է ազդել բիզնեսի ընդլայնման հեռանկարների վրա։
Ընկերությունը նշում է, որ շարունակում է համագործակցել հնդկական կարգավորողների հետ և պատրաստ է կատարել տեղական պահանջները, այդ թվում՝ տվյալների պահպանումը և երկրի տարածքում տասը ցամաքային հանգույցների ստեղծումը։ Մնում է նաև չլուծված հաճախականության սպեկտրի բաշխման հարցը։
Հունվարին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել էր, որ գործարար Իլոն Մասկի SpaceX-ին պատկանող Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու համար։ Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ էր ուղարկել Իրան՝ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ իրանական ինտերնետի անջատումների ֆոնին։






































