ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է 60-օրյա հրադադարի երկարաձգում, գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։
Համաձայնագիրը, ըստ աղբյուրի, նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում և Իրանի նավթի վաճառքի սահմանափակումների թուլացում։ Ըստ աղբյուրի՝ 60-օրյա հրադադարի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց անցման վճարների գանձման, իսկ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում տեղադրված ականները, ինչի դիմաց ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագրի ընթացքում նաև բանակցություններ կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։ Հուշագրի նախագծով նախատեսվում են նաև Իրանի պարտավորությունները՝ երբեք չմշակել միջուկային զենք, ինչպես նաև բանակցություններ վարել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և բարձր հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելու շուրջ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կհամաձայնի 60-օրյա ժամկետում բանակցություններ վարել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, ինչը կիրականացվի միայն վերջնական համաձայնագրի շրջանակում։
Աղբյուրի գնահատմամբ՝ պայմանավորվածությունը կարող է կանխել պատերազմի հետագա սրացումն ու նվազեցնել ճնշումը համաշխարհային նավթի շուկայի վրա։ Միաժամանակ, դեռ պարզ չէ՝ արդյոք այն կհանգեցնի՞ երկարաժամկետ համաձայնության, որը կլուծի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջները։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:





































