Անկարայի վերաքննիչ դատարանը չեղարկել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 2023 թվականի համագումարի արդյունքները և որոշում կայացրել պաշտոնից հեռացնել դրա առաջնորդ Օզգյուր Օզելին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով կուսակցության փոխնախագահ Գյուլ Չիֆթչիին։
Ըստ կայքի՝ դատարանը որոշել է այդ պաշտոնում վերականգնել կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կուսակցական մարմիններն արտահերթ կարգով կենտրոնական գրասենյակ են հրավիրել բոլոր պատգամավորներին։ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը 1923 թվականին հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, երկրի ամենահին քաղաքական ուժն է և ներկայումս հանդիսանում է գլխավոր ընդդիմությունը։ 2023 թվականի համագումարից հետո Քըլըչդարօղլուին փոխարինել էր Օզելը։
Թուրքիայի իշխանությունները ՀԺԿ ներկայացուցիչներին մեղադրում են կոռուպցիայի մեջ. ըստ քննության՝ 2023 թվականի ընտրությունների ժամանակ արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ ձայների գնում։ Կուսակցությունում հերքում են մեղադրանքները՝ որակելով դրանք քաղաքականապես մոտիվացված։
Նույն գործի շրջանակում 2025 թվականին ձերբակալվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցը հաջորդ ընտրություններում։ Նրա ձերբակալությունը վերջին տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել երկրում։





































