Կուբայի էներգետիկայի նախարար Վիսենտե դե լա Օ Լևին Mesa Redonda հեռուստածրագրի եթերում հայտարարել է, որ երկրի էներգահամակարգը գտնվում է օրհասական վիճակում, փոխանցել է Reuters-ը։
Լևիի խոսքով՝ հանրապետությունում մազութի և դիզելային վառելիքի պաշարներն ամբողջությամբ սպառվել են, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումների։ Նախարարը նշել է, որ մայրաքաղաք Հավանայի բազմաթիվ թաղամասերում լույսը բացակայում է օրական մինչև 22 ժամ։
Էներգետիկ ճգնաժամի պատճառով Հավանայում գրանցվել են վերջին տասնամյակների ամենամասշտաբային հովհարային անջատումները, ինչը բողոքի ցույցերի տեղիք է տվել մի շարք շրջաններում։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն ստեղծված իրավիճակը որակել է «առանձնահատուկ լարված»՝ կանխատեսելով ավելի քան 2000 ՄՎտ դեֆիցիտ՝ պիկ ժամերին։
Երկրի ղեկավարությունը տեղի ունեցողի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող էներգետիկ շրջափակման վրա։






































