Ֆրանսիայի տարբեր քաղաքներում և վարչական շրջաններում կայացած տեղական ընտրությունների արդյունքում հայկական ծագում ունեցող մի շարք թեկնածուներ ընտրվել են համայնքային պաշտոններում՝ ստանալով մանդատներ քաղաքային և շրջանային խորհուրդներում, հայտնում են ֆրանսական լրատվամիջոցները:
Ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ մարտի 15-ին և 22-ին։
Մարսելում՝ Եվրոպայի ամենախոշոր հայկական համայնքներից մեկի բնակավայրում, քաղաքային խորհուրդը պաշտոնապես կձևավորվի այս շաբաթ օրը։ Խորհրդի անդամները կընտրեն քաղաքապետին, և նախատեսվում է, որ Բենուա Պայանը կվերընտրվի այդ պաշտոնում։ Այնուհետև նա խորհրդի անդամներից կնշանակի փոխքաղաքապետեր։
Մարսելի քաղաքային խորհրդում ընտրվածների թվում են Ազադ Բալալասը, Օդրի Գատյանը, Յաննիկ Օհանեսյանը և Ժյուլիեն Հարունյանը, որոնցից մի քանիսը կարող են նաև ստանձնել փոխքաղաքապետի պարտականություններ։
Մարսելի շրջանային մակարդակում ևս նկատվում է հայկական ներկայացվածություն։ 13-րդ և 14-րդ շրջաններում ընտրվել են Մանո Բանոյանը և Ռաֆֆի Յալիչը։ 2-րդ և 3-րդ շրջաններում մանդատ է ստացել Օրելյեն Պետիտժյան Լևոնյանը, իսկ Գրիշա Մխրտչյանն ընտրվել է որպես ընդդիմադիր շրջանային խորհրդական՝ 9-րդ և 10-րդ շրջաններում։
Մարսելից դուրս ևս հայերը հաջողություններ են գրանցել Ֆրանսիայի մի շարք համայնքներում։
Ալֆորվիլում ընտրվել են Գարո Խաչիկյանը, Գրիգոր Կոսդիկյանը, Արաքս Տեր-Կևորկյանը և Ստեֆանի Նեդելյանը։ Իսի-լե-Մուլինոյում մանդատ է ստացել Արթուր Խանջյանը։
Լիոնում Ժակ Բալանջյանը ընտրվել է որպես 3-րդ շրջանի շրջանային խորհրդական։ Առնուվիլում ընտրվել են Մեսրոպ Ալթունյանը, Նեկտար Բալյանը և Ռոզ-Մարի Աբուսեֆյանը։
Սեն-Մարտեն-լե-Վինուայում Անահիդ Մարդիրոսյանը նույնպես ստացել է համայնքային մանդատ։
Նիցցայում ընտրվել է Ալեքսանդր Սարաջյանը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ծագում ունեցող թեկնածուների ամենամեծ թիվն ընտրվել է Ֆրանսիայի այն քաղաքներում և համայնքներում, որտեղ ավանդաբար բնակվում է մեծաթիվ հայկական համայնք, և գործում են Սփյուռքի կայուն կառույցներ։





































