Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում բնակելի շենքեր են հարվածի ենթարկվել, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
«Քաղաքացիական պաշտպանությունը շարունակում է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները տուժած տարածքներում։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ջուֆեյր շրջանից բնակիչների տարհանման մասին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային բազան։
Ինչպես հաղորդել էր NBC News-ը, Բահրեյնի վրա Իրանի հարձակումը թիրախավորել էր այն տարածքը, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը։ Տեղի ենթակառուցվածքները վնասվել են, սակայն պարզ չէ, թե արդյոք հարձակումն ազդե՞լ է հենց բազայի վրա, նշել է հեռուստաալիքը։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան՝ Իրանը հարվածել է Կատարի Ալ Ուդեյդ, Քուվեյթի Ալ Սալեմ, ԱՄԷ-ի Ալ Զաֆրա և ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Այսօր Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։
Ռազմական գործողությունների հետ կապված ՀՀ-ում չվերթեր են չեղարկվել, ՀՀ ԱԳՆ-ն թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։





































