Կառավարությունը լրացուցիչ 73,7 միլիոն դրամ կհատկացնի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների շրջանակներում աշխատակիցների արտասահմանյան գործուղումները ֆինանսավորելու համար:
Ինչպես նշված է կառավարության փետրվարի 26-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ, լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է COP17-ի անցկացմամբ: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախարարության ներկայացուցիչները պետք է մասնակցեն ավելի քան 22 առանցքային միջոցառումների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումների, տարածաշրջանային համաժողովների, միջգերատեսչական աշխատանքային խմբերի քննարկումների և պաշտոնական այցերի:
Ըստ փաստաթղթի՝ նախարարությանը 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 4,8 միլիոն դրամի ավելի քան 80%-ն արդեն իսկ ծախսվել է:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 16-րդ համաժողովի (COP16) ընթացքում, Հայաստանը պաշտոնապես ընտրվել էր 17-րդ համաժողովն ընդունող երկիր:
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բնապահպանական կայունության ապահովմանը, կենսաբազմազանության պահպանությանը, էկոհամակարգերի վերականգնմանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:





































