ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նոր տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք դեմ են Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր ծրագրերին, հայտնում է CNN-ը։
«Գրենլանդիան է պետք ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել»,- ասել է Թրամփը Սպիտակ տանն առողջապահությանը նվիրված միջոցառման ժամանակ։
Հունվարի սկզբին՝ Վենեսուելայում ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան «բացարձակապես կարևոր է» ԱՄՆ-ի համար. կղզին, նրա խոսքով, «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Գրենլանդիայի վերաբերյալ ձևակերպումները չեն ենթադրում ներխուժում, այլ նպատակը կղզին Դանիայից գնելն է։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել էր, որ եթե կանգնեն ընտրության առաջ, իրենց նախապատվությունը կտան Դանիային՝ Միացյալ Նահանգների փոխարեն։
Հունվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել էր օրինագիծ՝ «Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու և նրան պետականություն շնորհելու մասին»։






































