ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ռենդի Ֆայնը հանդես է եկել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու և այն 51-րդ նահանգ դարձնելու նախաձեռնությամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների ֆոնին, թե անհրաժեշտ է ամերիկյան վերահսկողություն հաստատել դանիական տարածքի նկատմամբ, հայտնում է Fox News-ը:
Ֆայնը հայտարարել է, որ կներկայացնի օրինագիծ, որը լիազորում է ԱՄՆ նախագահին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Գրենլանդիան ձեռք բերելու և ինտեգրման գործընթաց սկսելու համար։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կղզուն ավտոմատ կերպով նահանգի կարգավիճակ չի շնորհում, բայց ցույց է տալիս Կոնգրեսի քաղաքական աջակցությունը Թրամփի քաղաքականությանը։ Նա նաև ընդգծել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը։
Արկտիկայում ամերիկյան հռետորաբանության ուժեղացման ֆոնին չինական Global Times պարբերականը գրում է, որ արևմտյան երկրներն ու լրատվամիջոցները խեղաթյուրում են Չինաստանի դերը տարածաշրջանում՝ Պեկինին վերագրելով գոյություն չունեցող ռազմական մտադրություններ։ Թերթը պնդում է, որ Չինաստանն Արկտիկայում ռազմական ներկայություն չունի և այնտեղ իրականացնում է գիտական ու տնտեսական գործունեություն՝ միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ իր հասցեին հնչող մեղադրանքները կապում է «սառը պատերազմի» տրամաբանության և ԱՄՆ-ի 2024 թվականի արկտիկական ռազմավարության հետ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Պեկինը պաշտոնապես հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Չինաստանի գործունեությունն Արկտիկայում համապատասխանում է միջազգային իրավունքին և ուղղված է կայունության պահպանմանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չպետք է օգտագործի այլ երկրներին որպես պատրվակ սեփական շահերն առաջ մղելու համար։
Թրամփը հունվարի 12-ին հայտարարել էր, որ առանց Վաշինգտոնի գործողությունների կղզին կարող է ընկնել Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ, ինչը նա անընդունելի է համարում ազգային անվտանգության տեսանկյունից։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ կնախընտրեր խաղաղ կարգավորումը, բայց չէր բացառել այլընտրանքային սցենարները։





































