ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ցուցարարների և իշխանությունների միջև բախումների ժամանակ սպանություններն ու բռնությունը դադարել են, հայտնել է CNN-ը:
Թրամփի տեղեկությամբ՝ բախումները դադարել են, և Իրանի իշխանությունները հետագա «կոշտ գործողություններ» ձեռնարկելու ծրագրեր չունեն: ԱՄՆ նախագահը նշել է, որ այս տեղեկատվությունն ստացել է հուսալի աղբյուրներից և ընդգծել, որ ուշադիր կհետևի իրավիճակին:
Նա հավելել է, որ եթե բռնությունը վերսկսվի, Վաշինգտոնի արձագանքը կարող է տարբեր լինել, բայց առայժմ, նրա խոսքով, «սպանությունները դադարել են»:
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների պատրաստակամության մասին և չէր բացառել ուժային միջամտության հնարավորությունը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:
Իրանն, իր հերթին, զգուշացրել էր, որ հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին և նավագնացության թիրախներին:





































