Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Արաղչին կապ է հաստատել Ուիտկոֆի հետ շաբաթավերջին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքների ֆոնին: Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Արաղչին և Ուիտկոֆը քննարկել են առաջիկա օրերին հանդիպելու հնարավորությունը:
Աղբյուրը նշել է, որ կապ հաստատելու այս փորձերը, հավանաբար, Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու կամ, առնվազն, ժամանակ շահելու փորձ են, նախքան Թրամփը կհրամայի Թեհրանի դեմ հետագա գործողություններ ձեռնարկել:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարի և Թրամփի հատուկ դեսպանորդի միջև գոյություն ունի առանձին հաղորդակցման կապուղի: Բաղայիի խոսքով՝ կապուղին բաց է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում՝ կողմերի միջև համապատասխան տեղեկատվություն փոխանցելու համար:





































