Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամ Սարգիս Ստեփանյանը սեպտեմբերի 16-ին Բուլղարիայի Ալբենա քաղաքում տեղի ունեցող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում դարձել է չեմպիոն, հայտնել է Ստեփանյանը։
Նա այդ տիտղոսին է արժանացել մինչև 80 կգ քաշային կարգում։
«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Իմ մարզական ուղու ընթացքում նաև դարձել եմ Եվրոպայի հնգակի չեմպիոն, երկու անգամ նվաճել եմ աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար»,- հավելել է մարզիկը։
Առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 10-23-ը։
Ստեփանյանը ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է։ 2014 թվականին նա չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել էր 3 վերջույթները։





































