Թուրքիայում իր այցի շրջանակում Հռոմի պապ Լևոն XIV-ը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում մատուցված պատարագի ընթացքում ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, տեղեկանում ենք Vaticannews-ից։
Հռոմի պապը հիշեցրել է սեպտեմբերի 16-ին Գարեգին 2-րդի հետ իր հանդիպումը, ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու ու հայ ժողովրդի «դարերով կերտված խիզախ քրիստոնեական վկայության» մասին։
Նա շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական համայնքին՝ հավատարմության և տոկունության համար, հատկապես՝ պատմական բարդ իրավիճակներում։
Այցի ընթացքում նա շեշտել է Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև «եղբայրական ու զարգացող հարաբերությունները»՝ հիշեցնելով, որ դրանց վերածնունդը սկսվել էր դեռ 1967 թվականից, երբ կաթողիկոս Խորեն Ա-ն պաշտոնական այցով հանդիպել էր Հռոմի եպիսկոպոսին։
Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում կատարված աղոթքի ժամանակ Հռոմի պապն անդրադարձել է նաև հայ եկեղեցական ավանդության նշանավոր գործիչ Սուրբ Ներսես Շնորհալուն՝ նրան ներկայացնելով որպես եկեղեցական միասնության խորհրդանիշ։
Միջոցառումն ավարտվել է պապի և Պատրիարք Սահակ 2-րդի փոխադարձ նվիրատվությամբ, ինչպես նաև նոր հուշատախտակի օրհնությամբ։
Նոյեմբերի 27-ին մեկնարկել էր Հռոմի պապի պաշտոնական այցը Թուրքիա, ուր նա հանդիպել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Լևոն XIV-ը Թուրքիա այցելած հինգերորդ պապն է. Հռոմի պապ Պողոս VI-ը, Հովհաննես Պողոս II-ը, Բենեդիկտոս XVI-ը և Ֆրանցիսկոսը նույնպես այցելել էին։


































