Սկսվել է Հռոմի պապ Լևոն XIV-ի պաշտոնական այցը Թուրքիա, որտեղ նա արդեն հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Պապը ժամանել է մայրաքաղաքի Էսենբողա օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և թուրք այլ պաշտոնյաներ։ Թուրքիայում իր առաջին ժամերի ընթացքում պապն այցելել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։
Ուղևորության ծրագիրը ներառում է կրոնական և միջկրոնական միջոցառումների լայն շրջանակ։ Լևոն XIV-ը կհանդիպի տեղի կաթոլիկ համայնքների հետ, կմասնակցի էկումենիկ պատարագին և կայցելի Կապույտ մզկիթ։ Նա կաղոթի Սուրբ Գևորգ եկեղեցում և կհանդիպի Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Ավելի վաղ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը նույնպես այցելել էր Անկարա՝ Թուրքիայի նախագահի հրավերով։ Նրա այցը համընկել է Հռոմի պապ Լևոն XIV-ի ժամանման հետ։
Պատրիարքարանի տվյալներով՝ արքեպիսկոպոս Մաշալյանն այսօր առավոտյան է մեկնել Անկարա և նույն օրը կվերադառնա իր նստավայր՝ միջոցառմանը մասնակցելուց հետո։
Լևոն XIV-ը Թուրքիա այցելած հինգերորդ պապն է. Հռոմի պապ Պողոս VI-ը, Հովհաննես Պողոս II-ը, Բենեդիկտոս XVI-ը և Ֆրանցիսկոսը ևս այցելել էին երկիր։


























