Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի և անօրինական է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որով կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ՝ որպես եկեղեցու ներկայացուցիչ։
Մայր Աթոռը պահանջում է վարչապետի որոշումից վերացնել նշանակման հատվածը, քանի որ դա կատարվել է առանց Հայ Առաքելական եկեղեցու համաձայնության և ըստ Էջմիածնի՝ խախտում է ՀՀ օրենսդրությունը։
Հայտարարության մեջ Մայր Աթոռից ընդգծել են, որ պետական կամ որևէ այլ կառույցում եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ ու արտոնությամբ։
«Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից»,- ասված է հայտարարության տեքստում։
Եկեղեցին այս քայլը գնահատել է որպես ոտնձգություն իր ինքնավարության և Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։





































