Հայ դպրոցականը դարձել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Փինիքս քաղաքում անցկացված Regeneron ISEF 2026 խոշորագույն միջազգային գիտական մրցույթներից մեկի մրցանակակիր, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը երրորդ տեղն է զբաղեցրել «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում։ Աշակերտի PHYS066 (AWH Enhancement via Multilayer Graphene) նախագիծը նվիրված է գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ մթնոլորտային ջրի հավաքման արդյունավետության բարձրացման տեխնոլոգիաների մշակմանը, ինչն առնչվում է խմելու ջրի դեֆիցիտի հիմնախնդրին։
Մրցույթին մասնակցելու իրավունքը Շահինյանն ստացել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված Հայկական դպրոցական գիտության փառատոնի (ASSF) եզրափակչում հաղթելուց հետո։ Նույն ընտրական փուլի շրջանակում ISEF 2026-ին մասնակցել են նաև այլ հայ դպրոցականներ՝ էկոլոգիական ինժեներիայի ոլորտի նախագծերով։
Regeneron ISEF-ը համարվում է աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական գիտաինժեներական մրցույթներից մեկը։ Այս տարվա եզրափակչին մասնակցել է ավելի քան 1600 երիտասարդ հետազոտող շուրջ 70 երկրից, որոնք ներկայացրել են նախագծեր գիտական 22 ուղղությամբ։ Մարտի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի էր ունեցել արդեն 6-րդ փառատոնը, որին մասնակցել էր շուրջ 140 աշակերտ Երևանի և Հայաստանի այլ մարզերի 40 հանրակրթական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական և խմբային հետազոտական նախագիծ։



























