Հայաստանում ներկայումս աշխատում է Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության միայն 35%-ը, «Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:
Ըստ Խանումյանի՝ հունվարի տվյալներով՝ Հայաստանում զբաղվածություն ունի շուրջ 25 000 արցախցի: Նա հիշեցրել է, որ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 000 էր (որից 56 000-ը՝ աշխատող, 16 000-ը՝ գործազուրկ), իսկ ընդհանուր աշխատունակ բնակչության թիվը հասնում էր 105 000-ի:
Բանախոսը նշել է, որ զբաղվածության հարցում հիմնական խոչընդոտներից մեկը նախկին զբաղմունքին անցնելու հետ կապված խոչընդոտներն են. Արցախում մարդկանց մոտ 60%-ը գյուղաբնակ էր և ուներ սեփական հողատարածքներ ու անասնապահությամբ էր զբաղվում։ Հայաստանի սակավահողության պատճառով այդ մարդիկ զրկվել են իրենց հիմնական զբաղմունքից և ստիպված են հարմարվել քաղաքային աշխատաշուկայի պահանջներին:
Նրա խոսքով՝ առանձին խնդիր է պահեստազոր անցած սպաների և պայմանագրային զինծառայողների ադապտացիան, ովքեր թոշակի են անցնում բավականին երիտասարդ տարիքում՝ սկսած 37 տարեկանից: Խանումյանն ընդգծել է, որ նրանց քաղաքացիական աշխատաշուկային հարմարեցնելու և վերամասնագիտացնելու ուղղությամբ պետական մակարդակով համակարգված աշխատանք չի կատարվում:
ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 19 367 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Կառավարությունը մարտին փոփոխություններ էր կատարել արցախցի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում: Երևանամերձ համայնքներում աջակցության չափը սահմանվել էր 4 միլիոն դրամ մեկ անձի համար, մարզերում՝ 5 միլիոն, իսկ Երևանում՝ 3 միլիոն դրամ: Փոփոխությունները հետադարձ ուժով կկիրառվեն նաև արդեն իսկ հավաստագիրն իրացրած ընտանիքների համար:





































