Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ, կար նաև բժիշկ:
«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում էին առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները»,- ասել է Ամատունին:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով: Ամատունին մանրամասնել է, որ այս այցը կազմակերպել էր ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը:
Այսօր ավելի վաղ Բաքվում կալանավորված Վիգեն Էուլջեքջյանի իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը հայտնել էր, որ ԿԽՄԿ աշխատակիցներն Էուլջեքջյանին էին տրամադրել անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր: Նա հավելել էր, որ հայ գերու առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էր։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հուլիսի 30-ին Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն չի կարողանում այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրա խոսքով՝ վերջին այցը տեղի էր ունեցել հունիսին։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:





































