Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում մարդասիրական այց են կատարել կալանավորված Վիգեն Էուլջեքջյանին, հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը:
Ըստ հայտարարության՝ ԿԽՄԿ աշխատակիցները նրան տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:
Նախորդ շաբաթ Էյուլջեքջյանին հնարավորություն էր տրվել զանգահարել ընտանիքին, նշել է Մինասյանը, սակայն հավելել՝ նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:
Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիում՝ 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։
Փաստաբանները հոկտեմբերի 23-ին դիմել էին ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:





































