Հոգևորականների՝ համացանցում հայտնված ձայնագրությունն իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ և անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM)՝ ՀՀ կառավարության հետ միասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հոկտեմբերի 17-ին տարածվել էր զրույցի ձայնագրություն, որում, ենթադրաբար, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։
Թերթը նշել է, որ կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Ըստ ԶԼՄ-ի տվյալների՝ մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ERIM ընկերությունը մոդելավորել է արշավը։
Ըստ օրաթերթի՝ այս ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են նաև կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» եկեղեցուն, և դա պետք է անել մինչև նախընտրական փուլը։
Այս ընկերությունն իրականացնելու է նաև Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար», ֆիլմ է նկարահանելու եկեղեցու դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պայքարի մասին։
Մայր Աթոռից հրապարակված ձայնագրության մասին շեշտել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»։
Գարեգին Բ-ն հոկտեմբերի 19-ին ընդգծել էր, որ Հայ եկեղեցին անսասան է իր առաքելության մեջ՝ չնայած իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին: Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մեղադրանքների նոր ալիք էր բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին և հայտարարել, որ «կյանքը կդնի՝ եկեղեցին սեռական մոլագարներից ազատելու համար»։





































