ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական արձագանքն ավելի շատ Հայաստանին էր ուղղված, քան Իսրայելին։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելին տարբեր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց բացի, Հայոց ցեղասպանությունը որակել էր «զրպարտություն»։
Աբրահամյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունը Հայոց ցեղասպանության թեման իջեցրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից և դրա շուրջ լռություն է պահպանում։ Նրա խոսքով՝ նման պայմաններում չի բացառվում, որ Թուրքիան հետագայում հայերին ևս մեղադրի տարբեր հանցագործությունների և «պատմական սարսափելի» դրվագների համար։
Պատգամավորը նշել է, որ Թուրքիան նախկինում ևս փորձել է կիրառել նման մոտեցում, սակայն այն ժամանակ, երբ Հայաստանն ակտիվ գործունեություն էր ծավալում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ փորձերը, նրա գնահատմամբ, խափանվել էին։
«Իսկ հիմա, փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին»,- գրել է Աբրահամյանը։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն էր տվել Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։ Այժմ փաստաթուղթը պետք է դրվի Քնեսեթի քվեարկությանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել էր Իսրայելի կառավարության որոշումը՝ այն անվանելով «չարամիտ նախաձեռնություն»։ Անկարայից հետո քննադատությամբ հանդես էր եկել նաև Ադրբեջանը՝ կոչ անելով Իսրայելին վերանայել որոշումը։






































