Դատարանը մասնակի բավարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցն ընդդեմ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի և Հայկ Սահակյանի, տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։
Բագրատ Սրբազանը վիրավորանքի և զրպարտություն համար ոչ նյութական վնասի բռնագանձման մասին հայց էր ներկայացրել 2025 թվականի հուլիսին YouTube-ում տեղադրված ThePoint հաղորդաշարի «Վեղարով ահաբեկիչները... Զենքով կրակել պետականությանը. ժողովրդի արյունը թափել չի լինելու» վերտառությամբ տեսանյութի առթիվ, որտեղ Սահակյանը և Խաչատրյանը կատարել են վիրավորական արտահայտություններ Բագրատ Սրբազանի և նրա կողմից առաջնորդած «Սրբազան պայքար» շարժման վերաբերյալ։
Հայցով պահանջվել է Սահակյանից և Խաչատրյանից բռնագանձել 3 000 000-ական ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում զրպարտության և վիրավորանքի համար: Դատարանը որոշել է Խաչատրյանից և Սահակյանից՝ հօգուտ Գալստանյանի բռնագանձել750 000-ական ՀՀ դրամ։
Հունիսի 11-ին դատարանը բավարարել էր Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի։ Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն, և սահմանել է հատուցում՝ 100 000 դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3 000 000 դրամ:
2025 թվականի հուլիսին Բագրատ Սրբազանն իր հասցեին վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր էր ներկայացրել մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնց թվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։






































