Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ուժերի միջամտության, հայտնել է իրանական «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը։
Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակությունը մասնակցում էր Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու ընդհանուր շահերի վրա և պետք է որոշվեն բացառապես երկու պետությունների կամքով, իսկ տարածաշրջանում արտաքին խաղացողների ներկայությունը միայն բարդացնում է առկա խնդիրները։
Փաշինյանն, իր հերթին, ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին՝ Խամենեիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական հարաբերություններն Իրանի հետ, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ Երևանը մտդիր չէ մասնակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք հակասում են Իրանի անվտանգությանը կամ ազգային շահերին։
Նա նաև հույս է հայտնել, որ շուտով կավարտվեն երկկողմ համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը թույլ կտա ընդլայնել փոխգործակցությունը տրանսպորտի, տարանցման, մաքսային վարչարարության, առևտրի և տնտեսության ոլորտներում։ Փաշինյանը հիշել է նաև Խամենեիի հետ ունեցած իր հանդիպումները։
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ Խամենեիի և վերջին հակամարտության մյուս զոհերի մահվան կապակցությամբ հայտնած ցավակցությունների համար՝ նշելով, որ այդ քայլերն արտացոլում են երկու երկրների միջև պատմական խորը կապերն ու բարեկամությունը։
Իրանի նախագահը նաև վերահաստատել է Թեհրանի հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին՝ հայտարարելով, որ առաջացող տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Նրա խոսքով՝ Արևմտյան Ասիայում անկայունության գլխավոր աղբյուրը մնում է Իսրայելը, որի գործողությունները հանգեցրել են էսկալացիայի Լիբանանում, Գազայի հատվածում, Սիրիայում և Իրանում, գրել է գործակալությունը։
Փաշինյանը հուլիսի 3-ի առավոտյան ժամանել էր Թեհրան և մասնակցել Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Թեհրանում նա հանդիպել էր Փեզեշքիանի հետ։






































