Ազգային ժողովի նախագահի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընտրվելու դեպքում չի մնա Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այդ մասին Ռուբինյանը հայտնել է լրագրողներին տված ճեպազրույցում։
«Ընտրվելու դեպքում, ակնհայտորեն, չեմ շարունակելու լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հետևաբար, նրանց հյուսած կոնսպիրոլոգիական (դավադրապաշտական) թեզերի 90%-ը միանգամից փլվում է, թե իբր ինձ ընտրում են ԱԺ նախագահ, որպեսզի այդ կարգավիճակով բանակցեմ Թուրքիայի հետ»,- հայտարարեl 1 Ռուբինյանը:
Նա նշել է, որ դեռևս չկա վերջնական որոշում, թե ով է իրեն փոխարինելու այդ պաշտոնում։
«Որքանով տեղյակ եմ, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի ինձ՝ որպես հայկական կողմի բանագնաց, բայց վարչապետն ու կառավարությունը կքննարկեն»,- տեղեկացրել է նա։
Ռուբինյանն անդրադարձել է իր՝ ուսանողական տարիները Թուրքիայում անցկացնելու լուրերին։ Նա հայտնել է, որ 2016-2017 թվականներին 5 ամսով մասնակցել է Հրանտ Դինքի (Ստամբուլում ապրող հայ լրագրող և «Ագոս» թերթի խմբագիր, որին 2007 թվականին սպանել էր թուրք ազգայնականը) հիմնադրամի ծրագրին։ Մինչ այդ, նրա պնդմամբ, ուսանողական տարիներն անցկացրել է սկզբում Հայաստանում՝ ԵՊՀ-ում (2006-2010 թթ), հետո Լոնդոնում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում (2010-2011 թթ), այնուհետև Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա է ավարտել (2011-2012 թթ)։
«Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ, և չկա որևէ թուրք դասախոս, որն ինձ դաս տված լինի»,- հայտարարել է նա։
Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիայում 5 ամիս ապրելու ընթացում «Սահմանից անդին» (Beyond Borders) խորագրով փոխանակման ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հետազոտություններ են արել հակառակ կողմում։
Ըստ փոխխոսնակի՝ հայաստանցի լրագրողներն աշխատել են թուրքական CNN-ում, իսկ Թուրքիայի քաղաքացիները ԵՊՀ-ում (որի հոգաբարձուների խորհրդի նախագահն այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր) կամ Սլավոնական համալսարանում։
«Զբաղվում էի գիտական գործունեությամբ, 5 ամսով մեկնել էի այնտեղ հետազոտություն իրականացնելու «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (Istanbul Policy Center)»,- շեշտել է նա։
Ռուբինյանը պարզաբանել է, որ աշխատանքը չի ավարտել, կեսից վերադարձել է Հայաստան։
«Եթե դա համարվում է «վերապատրաստում» կամ «հավաքագրում» (վերբովկա) բառիս վատ իմաստով, ապա այդ տրամաբանությամբ ծրագիրը երկկողմանի հավաքագրման մասին էր»,- նշել է նա, հավելելով, որ հակաթուրքական քարոզը չի աշխատում հայկական քաղաքական դաշտում։
Հունիսի 25-ին գաղտնի, փակ քվեարկությամբ ՔՊ վարչությունն ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրել փոխխոսնակ Ռուբինյանին։ Ըստ մամուլի՝ կուսակցությունում կասկածներ են շրջանառվում, որ Ռուբինյանի ընտրությունը որպես ԱԺ նախագահի թեկնածու հրահանգված է արտաքին ուժերի կողմից




































