Ռուսաստանի Դաշնության իշխանությունները մերժել են Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Սողոմոնյանը 2008-2023 թվականներին գլխավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը և հանդիսանում է նրա մերձավոր դաշնակիցը։
Ըստ հրապարակման՝ պաշտոնական Մոսկվան իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կառույցի հաջորդ ղեկավարը պետք է լինի ապաքաղաքական անձ, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել բոլոր թիմերի և խմբավորումների հետ։
Թերթի տեղեկություններով՝ այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Ըստ պարբերականի՝ սրբազանն ունի սեփական թեկնածուն և մտադիր է նրան առաջադրել ՌՀՄ ներկայիս ղեկավար Արա Աբրահամյանի փոխարեն։
Սպասվում է, որ Եզրաս սրբազանն իր նախընտրած թեկնածուին կներկայացնի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։
Աբրահամյանը ՌՀՄ-ն ղեկավարում է 2000 թվականից։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի հուլիսին Աբրահամյանի «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը պատկանող՝ Հյուսիսային պողոտայում գտնվող հողամասը բռնագրավվել և վերադարձվել էր Երևանին։





































