Փաստաբան Միհրան Պողոսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին մասնակցած դպիրը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ ֆուտբոլ էր խաղում։
Պողոսյանը պարզաբանել է, որ լուսանկարներում նույն մարդն է․ նրա պարանոցի դաջվածքը տեսանելի է թե՛ պատարագի լուսանկարներում, թե՛ ֆուտբոլային խաղի կադրերում։
«Դու վերջը ՔՊ ֆուտբոլի՞ստ ես, թե՞ ՔՊ դպիր»,- գրել է փաստաբանը։
Կարգալույծ քահանայի պատարագին նախորդել էր հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը՝ Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը:
Փաշինյանը հոկտեմբերի 26-ի պատարագից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 2-ին նույնպես կլինի Հովհաննավանքում՝ մասնակցելու կարգալույծ քահանայի պատարագին։ ԶԼՄ-ները գրել էին, որ Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը՝ խոչընդոտելով հոգևորականների մուտքը։
Կարդացեք նաև՝





































