Ադրբեջանի կառավարությունը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանին։
Նա նշել է, որ ներկայումս պահպանվում են ԿԽՄԿ-ի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումները։
«Դա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- ասել է նա։
Մարտի 3-ին Երևանում Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցով տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՀՀ քաղաքացիները ԿԽՄԿ-ին հորդորել էին այցելել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին, որի վիճակը հացադուլ հայտարարելուց հետո կտրուկ վատացել էր։
Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները, ըստ հայաստանյան ներկայացուցչության, պարբերաբար այցելու էինք Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, որոնց թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական առաջնորդներն են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։