Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել եկեղեցու վերաբերյալ ֆեյսբուքյան երկու գրառումներում իր օգտագործած արտահայտությունների համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այդ արտահայտությունների վերաբերյալ կայացված որոշումից հետո Փաշինյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքում»։
Օգոստոսի 15-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել էր, որ վարչապետի՝ մայիսի 30-ին և հունիսի 2-ին Հայ եկեղեցու վերաբերյալ Facebook-ում արված գրառումները խախտում են պետական ծառայողի վարքագծի կանոնները։
«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում», - գրել է Փաշինյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իր ներողությունը վերաբերում է երկու կոնկրետ արտահայտությունների, որոնց վերաբերյալ հանձնաժողովը որոշումներ է կայացրել։
«Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են», - ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ «հոգևոր նորոգման օրակարգի շրջանակներում» ինքը պետք է ընդունի իր թերությունները և ավելի լավ կառավարի իր զգացմունքները։
«Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր են հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը ես ցույց եմ տալիս այս կերպ», - եզրափակել է Փաշինյանը։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը






































