Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, պաշտոնյաների և իր կողմնակիցների հետ Երևանում մասնակցել է Սուրբծննդյան պատարագի, այնուհետ իր նախաձեռնած ուխտերթին։ Արարողությունները հեռարձակվել են Armenia Today-ի YouTube-ի ալիքով։
Սկզբում Փաշինյանը ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված Սուրբծննդյան պատարագին, որից հետո գլխավորել է ուխտերթը, որին մասնակցել են պաշտոնյաներ և իշխանական կուսակցության անդամներ։ Երթը շարժվել է դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։
Վարչապետն ու նրա համախոհները քայլերթ են իրականացրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ այն անվանելով «ուխտերթ»։ Երթի ընթացքում մասնակիցները վանկարկել են «Նիկոլ, վարչապետ», իսկ որոշները նրան անվանել են «թագավոր», դեպի եկեղեցի ուղեկցել ծափահարություններով։
Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու մոտ Փաշինյանը հայտարարել է, որ «եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են»։ Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, որին Փաշինյանը դիմում է ավազանի անունով, պետք է հեռանա։
«Ցավոք, այսօր եկեղեցու փաստացի պետը, իր վերնախավը և իր ձևավորած նեղ շրջապատն աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»,- նշել է նա։
Փաշինյանը քահանաներին կոչ է արել պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը, մինչև, իր խոսքով, եկեղեցին «լեգիտիմ կաթողիկոս կունենա»։
«Եկեղեցին ժողովրդի համար է։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում գնալ պատարագների և իրենց հոգևոր սպասավորներին խնդրել միանալ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ զեղչել այն անունը, որը չպիտի հնչի խորանից»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև պետության դեմ գործելու մեղադրանքներ է հնչեցրել։
«Այս ուխտերթով ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում եկեղեցին որպես հենակետ օգտագործել պետության դեմ։ Ես՝ որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա դա թույլ չենք տալու»,- հավելել է նա։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանի և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս մարմնին վերապահել են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
Կարդացեք նաև՝





































