Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին՝ ընդգրկելով Երևանի և մարզերի տարբեր հատվածներ։
Ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժեր պայքարում են օրենքով սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարան մուտք գործելու համար։
Համաձայն գործող օրենսդրության՝ ԿԸՀ-ն անցողիկ շեմ էր սահմանել կուսակցությունների դեպքում՝ 4%, մինչև երեք կուսակցությունների դաշինքի պարագայում՝ 8%, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում՝ 10%։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այցելում են երկրի տարբեր շրջաններ, շփվում քաղաքացիների հետ, անցկացնում հանդիպումներ և հանրահավաքներ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչությունը պետք է իրականացվի ազատության, հավասարության և օրինականության սկզբունքներով՝ բացառելով ատելության խոսքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքը կամ ընտրողների նկատմամբ ցանկացած տեսակի ճնշում։
Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ընտրական գործընթացը չի կարող համարվել լիարժեք ազատ և արդար, եթե նախընտրական փուլում արդեն իսկ նկատվում են վարչական ուղղորդումների և անհավասար մեդիա լուսաբանման դրսևորումներ։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում պարզելու՝ արդյոք քաղաքացիները հետևո՞ւմ են քարոզարշավի ընթացքին և արդյոք ներկայացվող ծրագրերը կարո՞ղ են ազդել նրանց վերջնական կողմնորոշման վրա։
Հարցվածների մեծ մասը նշել է, որ ուշադիր չի հետևում լրահոսին, քանի որ կա՛մ կողմնորոշվել է, կա՛մ արդեն իսկ ծանոթ է քաղաքական ուժերի ծրագրերին։
«Քարոզարշավին չեմ հետևում, որովհետև ընտրության հարցում արդեն հստակ որոշել եմ»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ բնակչի խոսքով՝ հետևում է ելույթներին, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի:
«Քարոզարշավը կազդի այնքանով, որ կկարողանանք ճիշտ ուժի ընտրել, երկիրը ճգնաժամից դուրս բերել»,- կարծիք է հայտնել հարցված քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ նշել է, որ բարձրախոսներով փողոցային իրազեկումն իրեն հոգեհարազատ ձևաչափ չէ, քանի որ ցանկանում է ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրերին և ակնկալում է բովանդակային բանավեճեր։
«Բալկոնից եմ հետևում քարոզարշավին, իսկ բալկոնից միայն աղմուկ է լսվում։ Կցանկանայի ավելի շատ բանավեճեր լինեին և դիրքորոշումներ հայտնեին կուսակցությունները»,- կարծիք է հայտնել նա։
Որոշ քաղաքացիներ դժգոհել են քաղաքական ուժերի խոսույթից՝ հույս հայտնելով, որ կողմերը կդադարեցնեն միմյանց հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելը։
«Քարոզարշավի ավելի բարձր մակարդակ կցանկանայի, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,- այսպես է արտահայտվել քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։





































