Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին զեղչվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
Երբ նրանց անունները զեղչվեցին, պատարագին ներկա քաղաքացիներից մի քանիսը, ի նշան բողոքի, բարձրաձայն հնչեցրին նրանց անունները։ Տեսանյութերից երևում է, որ բարձրաստիճան հոգևորականների անունները հնչեցնելուց հետո մի քաղաքացու ուժայինները հեռացրին եկեղեցուց։
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին ավելի ուշ հայտնեց քաղաքացուն հեռացնելու պատճառը․ կաթողիկոսի և Աջապահյանի անունները հնչեցրած քաղաքացուն հեռացնելը ՆԳՆ-ում բացատրել են «միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ»։
Սարգսյանը նաև տեղեկացրեց մեկ այլ անձի համայնքային ոստիկանություն տեղափոխելու մասին՝ նշելով, որ ձերբակալվածներ չկան։
«Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը, պատիժը՝ տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով-խմբ․) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն»,- հայտնեց ՆԳՆ խոսնակը։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Դեկտեմբերի 7-ին Փաշինյանը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում է մասնակցում պատարագի։ Զուգահեռ՝ Շիրակի թեմը հրաժարվել էր պատարագ մատուցել Փաշինյանի առաջադրած պայմաններում (պայմանը՝ կաթողիկոսի անունը չհնչեցնել-խմբ․)։ Գյումրիում պատարագը մատուցում է քահանա Մկրտիչ Մուշադյանը՝ Արմավիրից։
Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանցից մի քանիսը «Յոթ Վերք» եկեղեցում Փաշինյանի հետ մասնակցում է պատարագի։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս
Նյութը թարմացվել է 13։35-ին։






































