Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցում մատուցվելիք պատարագի վերաբերյալ՝ մեկնաբանելով առանց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը զեղչելու պահանջին, որը դրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արարողություններին:
Հոգևորականները վստահեցրել են, որ հավուր պատշաճի կանոնական պատարագ կմատուցեն և չեն զեղչի կաթողիկոսի ու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:
Շիրակի թեմի հոգևորականները նշել են, որ եթե իրենցից բացի որևէ մեկը եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը, ինչպես նաև իրավասու հոգևորականի կողմից մատուցումը:
««Յոթ Վերքը» հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարի պատվով»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Գուգարաց թեմի հոգևոր դասը ևս՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ, իր զորակցությունն է հայտնել կաթողիկոսին: Թեմի հայտարարության մեջ ասվում է. «Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր կաթողիկոսի կողքին»:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ կմասնակցի դեկտեմբերի 7-ի պատարագին՝ պայմանով, որ վեհափառի անունը չհիշվի, և որ ԱԱԾ-ն զբաղվում է այդ հարցի լուծմամբ։ Ամիսներ շարունակ Փաշինյանը պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության կանոնները» և պետք է լքի պաշտոնը։ Այս ընթացքում նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են, եկեղեցու մասին հայտարարություններ են արել կամ հրաժարվել են նշել կաթողիկոսի անունը ծառայության ընթացքում: Էջմիածնում դատապարտել էին պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելը:






































