Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել Արագածոտնի թեմի հոգևորականներին որպես վկա հարցաքննության հրավիրելու հետ կապված։
Նրա խոսքով՝ սա ոչ թե Երևանի քննչական վարչությունում քննվող վարույթով է, որով բերման էին ենթարկել Արագածոտնի թեմի հոգևորականներին, այլ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ կապված քրեական վարույթով է:
Նա մանրամասնել է, որ Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության հետ կապված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեն նաև Քրեական օրենսգրքի 203-րդ (խտրականություն, առավելագույն պատիժը՝ 1 տարվա ազատազրկում )հոդվածի հատկանիշներով է վարույթ իրականացնում։
Ավելի վաղ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը վերաբերում էր հավաքին մասնակցելը հարկադրելուն (առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Զոհրաբյանը հավելել է, որ ՔԿ-ին հետաքրքրում է կարգալույծ արված քահանա Տեր Արամ Ասատրյանի և Տեր Թադե քահանայի վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները:
«Քննչական մարմինը մտածում է, որ Տեր Արամին կարգալույծ են արել խտրական վերաբերմունքով պայմանավորված»,- նշել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ խտրականության թեսթը չի կարող կիրառվել եկեղեցում:
«Չի կարող կինը՝ հենց սեռով պայմանավորված դառնալ քահանա կամ եպիսկոպոս, չի կարող չմկրտված մարդը ստանալ Սուրբ Հաղորդություն: Հիմա ի՞նչ, սա խտրական վերաբերմու՞նք է համարվելու»,- ընդգծել է նա:
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան հարցաքննության են կանչվել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական։
Հոկտեմբերի 15-ին Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․) «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ավելի ուշ Տեր Գարեգինի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝




































