Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հրապարակել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի նամակն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։
Մխիթարյանը, որն արդեն 10 օր է կալանավորված է, իր նամակում նշել է, որ չի կոտրվելու է և շարունակելու է պայքարը նույնիսկ անազատության մեջ։
«Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ։ Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»,- գրել է Մխիթարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր սրտացավ մարդկանց՝ հավաստիացնելով, որ «Հայաստանում արդարություն և արդարադատություն լինելու է»։
«Պայքարելու եմ՝ մեր ձևով, չեմ կոտրվելու՝ մեր ձևով»,- եզրափակել է նա։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։






































