«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին կալանավորել են արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով, սակայն այդ քայլով, իրականում, խոչընդոտել են նրա մասնագիտական գործունեությունը, ասուլիսին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա նշել է, որ հոկտեմբերի 20-ին Մխիթարյանը գտնվել է Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ իրականացնելով իրավապաշտպան գործունեություն: Նա բանակցել է ոստիկանների հետ ներս մտնելու համար, քանի որ, լինելով փաստաբան, ներսում վստահորդներ ուներ, որոնց պետք է իրավաբանական օգնություն ցույց տար։
«Մխիթարյանն արդեն համայնքապետարանից դուրս գալուց հետո անկախ իր ցանկությունից հայտնվել է իրադրությունում, երբ ցուցարարները և ոստիկանները ինչ-որ հրմշտոցի մեջ էին: Հենց ձեր հրապարակած լայվերից մենք, ուրեմն, համապատասխան վերաբերելի մասը կտրել և ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմին, երբ Մխիթարյանը, ձեռքերը վեր պարզած, ոստիկանների և ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը: Նրան հենց այդ պահին են արգելանքի տակ վերցնում»,- շեշտել է փաստաբանը:
Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է նա դիմում իրեն ուղեկցող ոստիկաններին՝ խնդրելով իրեն բաց թողնել, քանի որ փաստաբան է և կարող է ինքնուրույն մոտենալ: Հարությունյանը նշել է, որ ըստ տեսանյութի՝ ոստիկանները համաձայնել են, որից հետո Մխիթարյանն սկսել է քայլել առաջ և ցույց տալ, որ ոստիկանության մի քանի աշխատակից ծեծում են տղամարդու, ինչը ֆիքսել է լրագրողի տեսախցիկը:
Պաշտպանները նախաքննական մարմնին հայտնել են, որ եթե վերջինս ընդունել է ինչ-որ ոստիկանի հայտարարությունն այն մասին, որ Մխիթարյանն իրենց խանգարել է, ապա պետք է նույն կերպ ստուգեր նաև հենց Մխիթարյանի՝ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին հայտարարությունը:
Հարությունյանը վստահ է, որ Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է գործող իշխանություններին նրա հրապարակային քննադատության հետ:
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Մխիթարյանի կալանավորումը որակել էր ապօրինի և ընդգծել, որ նա ընդամենը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։





































