«Արթիկ» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ դատապարտյալները ծեծի են ենթարկել բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին` իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար:
Նախ տեղի է ունեցել լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո տասնյակ աշխատակիցներ են միացել, ապա նաև դատապարտյալներ են ներքաշվել։ Միջադեպի հետևանքով վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։
Թերթի աղբյուրի խոսքով՝ «ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի բարեփոխումների արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, ազատել են փորձառու օպերների, նշանակել ոչ մասնագետների»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել էր Գրիգորյանին։ Վերջինիս պաշտոնանկությանը նախորդել էր իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական։
Հունվարի 7-ին հայտարարվել էր ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ծովինար Թադևոսյանի նշանակման մասին:





































