Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանությունն ահաբեկչություն էր, որը մահապարտ է իրականացրել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) օպերատիվ աշխատակցին:
«2025 թվականի սկզբից Ուկրաինայի հատուկ ծառայությունները գնալով ավելի հաճախ են դիմում դիվերսիոն գործողությունների սցենարին, որոնց արդյունքում թիրախի հետ ոչնչացնում են նաև այն կատարողին: Որպես օրինակ կարելի է բերել Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում, ինչպես նաև Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց ընթացքում զոհվել են Ռուսաստանի երեք քաղաքացիներ, որոնք գործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հսկողության ներքո»,- ասել է նա։
Մոսկվայում փետրվարի 3-ին Алые паруса բնակելի համալիրում պայթյունի հետևանքով սպանվել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։
Shot Telegram ալիքը հայտնել էր, որ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր ամրացրել իր մարմնին և ակտիվացրել այն պահին, երբ Սարգսյանը դուրս էր եկել վերելակից։ Shot-ը նաև նկարագրել էր ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին որպես 40-ն անց տղամարդ: Փետրվարին «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման էր ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի։
Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, երիտասարդ տարիքից ապրել էր Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2019 թվականին Սարգսյանը դարձել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել էր ՌԴ «Արիության» շքանշանով։ 2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել էր «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի էր ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։






































