Իշխանություններին հաջողվեց մի քանի «կացին կախել» մեր երկրի գլխին, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Պաշտպանության խորհուրդը հաղորդագրության մեջ նշել է, որ հայաստանյան իշխանություններին հաջողվեց ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը։
«Նրանք ամբողջովին փչացրին հարաբերությունները գլխավոր դաշնակցի, ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում՝ մի քանի կացին կախեցին մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)»,- ասված է հայտարարության մեջ։
Նրանք ընդգծել են, որ Արցախի կորստից հետո վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։
«Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել ՀՀ տարածքները։ Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը»,- հավելել է խորհուրդը։
Եզրափակելով՝ խումբը շեշտել է, որ «շուտով արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է»։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝




































