Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։
Խոսքն այն վարկային պարտավորությունների մասին է, որոնք այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում։
Գործադիրի պարզաբանմամբ՝ խոսքը, մասնավորապես, մինչև 2023 թվականը ձևավորված այն վարկերի մասին է, որոնք հետագայում փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։ Որոշումը վերաբերում է նաև այն վարկերին, որոնց դիմաց որպես գրավ ներկայացվել է շարժական գույք (բացառությամբ ոսկյա իրերի), եթե պարտքի հիմնական գումարը չի գերազանցել 5 մլն դրամը։
Որոշմամբ քաղաքացիները կազատվեն ոչ միայն այդ պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերից, այլև կատարողական գործողությունների ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի համապատասխան վարույթները Ֆինանսների նախարարության գրությունների հիման վրա՝ առանց քաղաքացիների լրացուցիչ դիմումների կամ մասնակցության։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումից հետո Հայաստան տեղափոխվել է ավելի քան 100 հազար արցախցի։ Վերջին երկու տարիներին կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել տեղահանվածների համար, այդ թվում՝ բնակարանային, վարձավճարի և զբաղվածության աջակցության ծրագրեր։ Վարկային պարտավորությունների հարցը ևս տեղահանվածների բարձրացրած հիմնական խնդիրներից էր, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ Արցախում թողել էին իրենց գույքն ու եկամտի աղբյուրները։






































