«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները մերժելու վերաբերյալ։
Նա հայտարարել է, որ ՍԴ դատավարության ընթացքը, իր գնահատմամբ, «պատրանքների տեղիք չէր տալիս», իսկ դատարանի որոշումը «նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում»։
Ամստերդամի խոսքով՝ դատարանը, վավերացնելով «համակարգային խախտումները» և օրինականություն հաղորդելով «խորապես վիճարկվող ընտրություններին», տապալել է իր սահմանադրական մանդատը։
«Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը։ Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին»,- հայտարարել է նա։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել էր 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել էր շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հուլիսի 4-ին ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։ ՍԴ դիմած 7 քաղաքական ուժերից 5-ը հայտարարել էին համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։



































