«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է, հայտնել են «Մայր Հայաստան»-ից։
Նշվում է, որ այդ որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։



































