Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արարատի մարզում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգությունների գործից:
Ըստ գերատեսչության՝ փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին էր դիմել անչափահաս երկու աղջիկների հայրը։ Նա հայտնել էր, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, ով ունի մտավոր հետամնացություն, նրա նկատմամբ կատարել էր անառակաբարո արարք:
Նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք էր տվել, որ Վ. Ե.-ն իրենց ընտանիքի բարերարն է և հերքել էր սեռական հարաբերության փաստը, ինչպես նաև հրաժարվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունից:
Գործի շրջանակներում քննվում է նաև մյուս անչափահաս քրոջ հաղորդումը, որը ներկայացվել էր ապրիլի 22-ին. ըստ այդմ՝ ապրիլ ամսվա ընթացքում Արթուր անունով տղամարդ, դպրոց տանելու պատրվակով, նրան նստեցրել էր մեքենան, սակայն տարել էր քաղաքի եկեղեցու մոտակա շինություններից մեկը և սեռական հարաբերություն ունեցել հետը:
Քննչական կոմիտեն նշել է, որ այս տուժողը ևս ունի մտավոր խնդիրներ և մանկավարժահոգեբանական աջակցության կարիք: Իրավապահները տեղեկացնում են, որ երկրորդ անչափահասը տվել է իրարամերժ և հակասական ցուցմունքներ: Հարցաքննության դրվագներից մեկում նա ամբողջությամբ հերքել է Արթուրի կամ որևէ այլ անձի հետ սեռական կապը՝ նշելով, թե տղամարդը նույնիսկ չի համբուրել իրեն, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնել է, որ շուրջ մեկ տարի է՝ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:
Ներկայումս նշանակված է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մատնանշված անձինք, ընտանիքի անդամներն ու մանկավարժները:





































