Ազատ և արդար ընտրությունների ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն իր հրապարակած տեսահոլովակում։
Ըստ նրա՝ Փաշինյանի վարչակազմն ամեն օր կամայական ու դաժան վերահսկող ուղղություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի վառ ապացույցն «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի ձերբակալությունն էր՝ «լիովին շինծու մեղադրանքներով» կամ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը, որը փորձել էր պաշտպանել այն եկեղեցին, որը փաստաբանի խոսքով՝ ներխուժել է վարչապետը։
«Ես ասում եմ ներխուժել, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Փաշինյանը շարունակաբար և անվայել ձևով թիրախավորում է քրիստոնեության բնօրրանի Հայաստանյաց եկեղեցու հոգևոր դասը»,- նշել է նա։
Ամստերդամի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից իբրև թե «արտաքին միջամտություններից պաշտպանվելու համար»։
Ամստերդամը մատնանշել է, որ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու ու պատմության վրա, փորձում է Հայոց ցեղասպանության մեղքը մի երկրից հանել ու դնել մեկ այլ երկրի վրա, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հայոց ցեղասպանության մասին գիրք նվիրելու համար աշխատանքից հեռացրել է մարդու, ժխտում է պատմությունը, և փաստաբանն այս ամենի վրա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը։
«Միջազգային լռությունն այս սադրիչ և հակաիրավական վարքագծին պարզապես անթույլատրելի է»,- ընդգծել է նա։

































