Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նրա եղբոր՝ Միքայել Մինասյանի և գործով անցնող Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը և գրավը:
Պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ կալանավորման անհրաժեշտությունը փաստելու համար։
Պաշտպան Սերգեյ Հարությունը հայտնել է, որ նիստը դեռ կտևի 2 ժամ, և տեղի ունեցողը որակել որպես քաղաքական ճնշում։ Նրա համոզմամբ՝ գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ և նպատակ է հետապնդում առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորել։
«Սա քաղաքական որոշում է։ Ցավալին այն է, որ միջադեպը տեղի է ունեցել եկեղեցու տարածքում»,- ընդգծել է պաշտպանը։
Կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է կեսգիշերին։ Էլբակյանը հայտնել է, որ որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին։
Մինասյան եղբայրներն ու Գևորգյանը ձերբակալվել էին մարտի 29-ին՝ պատարագի ժամանակ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից 1-2 ժամ անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ «Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։
Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության, ինչպես նաև այն կազմակերպելու ու պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելուն աջակցելու հոդվածներով։




































