Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրեց։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը։ Վարդանյանն ընտրվեց 67 կողմ, 0 դեմ ձայներով։ Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քվեարկությունից առաջ դատապարտել էին Վարդանյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում՝ նշելով, որ նրա երկարամյա քաղաքական գործունեությունը կարող է կասկածի տակ դնել դատարանի անկախությունն ու անաչառությունը։
Նրանք հիշեցրել են, որ օրենքով ՍԴ դատավորին արգելվում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, իսկ թեկնածուի երկարամյա կուսակցական գործունեությունը, նույնիսկ անդամակցությունը դադարեցնելուց հետո, կարող է պահպանել քաղաքական ազդեցության ռիսկերը։
Կազմակերպություններն Ազգային ժողովին կոչ էին արել ձեռնպահ մնալ Վարդանյանի թեկնածությանը կողմ քվեարկելուց։ Հայտարարությունն ստորագրել էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Ասպարեզ» ակումբը և մի շարք այլ կազմակերպություններ։
Վարդանյանի թեկնածությունը մարտի 13-ին առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Գործընթացի շրջանակներում Վարդանյանն արդեն դադարեցրել էր անդամակցությունը ՔՊ կուսակցությանը և հայտարարել, որ ընտրվելու դեպքում վայր կդնի նաև պատգամավորական մանդատը։ Նշենք, որ 2019 թվականից նա ղեկավարում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
ԶԼՄ-ները մարտի 25-ին գրել էին, որ ՔՊ-ն Վարդանյանի թեկնածությունն է դիտարկում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։





































